ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մի՞թե ձիերին փոխում են կիսաճանապարհին

Մի՞թե ձիերին փոխում են կիսաճանապարհին
21.07.2009 | 00:00

ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀՅԴ-Ն ԷՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՍՏԱՏ, ԵԹԵ...
Աստծո անցած յոթ օրում աշխարհում ամառ էր, և աշխարհն օրինաչափորեն հանգստանում էր, իսկ Հայաստանում եռում էր կյանքը: Ընդ որում` ուղղակի ու անուղղակի իմաստներով:
...2009-2011 թթ. Եվրոպական խորհրդարանում կնախագահի Լեհաստանի նախկին վարչապետ Եժի Բուզեկը, նա առաջին արևելաեվրոպացին է այդ բարձր պաշտոնում և փոխարինել է Հանս-Գերտ Պոտերինգին: Բուզեկի օգտին քվեարկել են խորհրդանշական թվով պատգամավորներ` 736-ից 555-ը:
1834 թ. հուլիսի 19-ին ծնված այս մարդն ապրեց բուռն ու հետաքրքիր, նրա վրձինն իրոք կախարդական էր: Նա կտակել էր իր շիրմին գրել. «Նա շատ էր սիրում նկարել»: Ընդամենը: Որովհետև անուն-ազգանունով ամեն ինչ ասված էր` Էդգար Դեգա:
Հուլիսի 13-ին Եվրամիության անդամ չորս երկրների` Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Թուրքիայի ղեկավարները և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Անկարայում ստորագրեցին «Նաբուկո» գազատարի կառուցման միջկառավարական պայմանագիր: 3300 կմ երկարությամբ գազատարը շրջանցում է Ռուսաստանը և նպատակ ունի վերացնել Ռուսաստանի գազային մենաշնորհը: Խողովակաշարը կասպյան գազը փոխադրելու է Թուրքիա, այնտեղից` Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա, Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպայի շուկաներ: «Նաբուկոյի» մեկ այլ ճյուղ Թուրքիայից գազը կհասցնի Մերձավոր Արևելք: Ծրագրի արժեքը 8 միլիարդ եվրո է, շահագործումը պետք է սկսվի 2014-ին: «Նաբուկոյից» մայիսին հրաժարվել էին Թուրքմենստանը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը: Ֆինանսատնտեսական ճգնաժամը շինարարությանն անհրաժեշտ գումարների հայթայթման մեծ դժվարություններ է ստեղծում, բայց դա «Նաբուկոյի» միակ խնդիրը չէ. թուրք փորձագետ Նեջեթ Փամիրը կարծում է, որ երեք երկրների հրաժարվելուց հետո Ադրբեջանը չի կարող ապահովել տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանումը: Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովը, սակայն, հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է գազ հատկացնել «Նաբուկոյին»: Չփչացնելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները` Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացած պահին կարող է միանալ «Նաբուկոյին»:
Հուլիսի 15-ին Ղազվինի մերձակայքում վթարվեց Թեհրան-Երևան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը: Սև արկղերը գտնված են, և հավանականությունը մեծ է, որ կպարզվի վթարի պատճառը, որին զոհ գնացին Հայաստանի, Իրանի, Վրաստանի քաղաքացիներ: Հուլիսի 16-ը հայտարարվեց սգո օր, բայց մահվան դեմ ի՞նչ է սուգը:
Եթե սահմանված լիներ շաբաթվա ամենաակտիվ կուսակցության փոխանցիկ մրցանակ, այս շաբաթվա մրցանակակիրը ՀՅԴ-ն էր լինելու հաստատ: Եվ նույն ՀՅԴ-ն կշահեր շաբաթվա մրցանակը, եթե սահմանվեր ամենահակասական կուսակցության մրցանակը: Թեպետ իրենք դա համարում են հայրենասիրություն: Ըմբռնումի խնդիր է: Նրանք բոլոր ուժերով պահանջում են արտաքին գործերի նախարարի հրաժարականը: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կուռ տրամաբանության հրաշքներ է հրամցնում հանրությանը. «Արտաքին գործերի նախարարի փոփոխությունը նախագահին հնարավորություն կտա արտաքին քաղաքականությունը փոխելու ազդանշան տալ: Մեր պահանջը` արտգործնախարարի հրաժարականը, ուժի մեջ է: Արտաքին քաղաքականության հարցում նրա պատասխանատվությունը շատ մեծ է, չնայած նախագահն է ամեն ինչ որոշում»: Զգացի՞ք մտքի ճախրանքը: Դա դեռ ի՞նչ է: Կիրո Մանոյանն ազնվորեն ընդունում է, որ մադրիդյան սկզբունքները Նալբանդյան Էդիկը Փարիզից ժառանգություն չի բերել, այլ ժառանգություն է ստացել Օսկանյան Վարդանից, նույնպես արտաքին գործերի նախարար, արդեն նախկին, բայց քանի որ Նալբանդյանի վարած դիվանագիտությունը ձախողված է, հայկական կողմի վրա ճնշում են գործադրում:
Իսկ ի՞նչն է ձախողված ու ինչո՞ւ: Նա նաև ընդունում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու` դրանք դարձնելով բանակցությունների հիմք: Բայց ՀՅԴ բյուրոն լիագումար նիստ է գումարում Երևանում ու որոշում պահանջել նախարարի հրաժարականը: Նախարարի, բայց ոչ նախագահի: Պատճա՞ռը: Որովհետև երբ իշխանության գա ՀԱԿ-ը, «Մենք ոչ մի հավաստիք չունենք, որ այդ ուժերն այս քաղաքականությունից է՛լ ավելի զիջողական քաղաքականություն չեն ցուցաբերի»: Այսինքն` Մանոյանի համար միանշանա՞կ է, որ գործող նախագահի հրաժարականի դեպքում ՀԱԿ-ն է գալու իշխանության: Սերժ Սարգսյանն էլ մնում է չարյաց փոքրագույնը: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև «Արտգործնախարարին եթե մեկը պիտի փոխի, էլի նախագահը պիտի փոխի, իսկ եթե փոխի, նշանակում է ինքն իր քաղաքականությունն է փոխում»: Եվ այս ամբողջ տաֆտալոգիան ընդամենը մի նպատակ ունի` շատ հստակ, շատ պարզ, շատ ակնհայտ ու շատ անթաքույց` ՀՅԴ-ն փորձում է խաղալ իր կարծիքով փոխշահավետ խաղ. պահանջելով արտգործնախարարի հրաժարականը և այդ պահանջը հնարավոր բոլոր ձևերով բարձրաձայնելով` ջանում է ընդդիմադիրի իմիջի մեջ տեղավորվել ու հաստատվել` ի շահ կուսակցության, ի շահ գործող նախագահի` պահանջելով արտգործնախարարի հրաժարականը` նախագահից հեռացնում է հրաժարականի պահանջը, որ ներկայացնում է, օրինակ, ՀԱԿ-ը: Բայց ինչո՞ւ այսքան ապաշնորհ: Ինչո՞ւ այսքան բացահայտ: Եվ այդ ի՞նչ ինքնաոչնչացման ջիղ է արթնացել ՀՅԴ-ականների մեջ, որտե՞ղ էին նրանք բոլորը 2007-ին, երբ մադրիդյան սկզբունքներ էին մշակվում, որտե՞ղ էին 1998-ից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղը քայլ առ քայլ հետևողականորեն բանակցություններից դուրս էր մղվում:
Թե՞ նրանք այն ժամանակ չէին կարող պահանջել արտաքին գործերի նախարարի հրաժարականը, որովհետև դեռ նման հրահանգ չէին ստացել: Կամ` չէին կարող պահանջել նախագահի հրաժարականը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության կգար: Եվ ինչո՞ւ այսօրվա պայծառատեսության խորապատկերում ոչ մի նշույլ չկա սեփական մեղքի, սեփական լռության, սեփական համակերպումի դիմաց զղջումի: Ոչ, սխալը գործել է ոչ թե երկրի նախկին նախագահը, ոչ թե նախկին արտգործնախարարը, ոչ թե ներկա նախագահը, այլ հենց ներկա արտգործնախարարը, որովհետև ՀՅԴ-ն այդպես է ուզում իրականությունը տեսնել կամ հասկանալ: Իսկ գուցե պարզապես նախ ասվե՞ր, որ եթե մադրիդյան սկզբունքների ընդունումը սխալ է եղել, սխալ է եղել պետության վարած քաղաքականությունը, որի համար պատասխանատու է կառավարող կոալիցիան: Հետո պահանջներ ներկայացվեին: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՀՅԴ-ն ամենից լավ գիտի, որ ոչնչի չի հասնելու: Չի էլ ուզում հասնել: Նրա խաղը մի նպատակ ունի` շանթարգելի էֆեկտով հարվածի ուղղությունը նախագահից տեղափոխել նախարար: Ընդամենը: Իսկ Նալբանդյա՞նը: Բայց մի՞թե ձիերին փոխում են կիսաճանապարհին, որքան էլ նրանք հոգնած լինեն: Նալբանդյանին իրականում ոչինչ չի սպառնում, ավելին` նա այնքան կմնա իր պաշտոնում, քանի դեռ անորոշ վիճակում են հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև նա պատասխանատու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այլև հայ-թուրքական հարաբերությունների կայացման համար: Կայացան` Նալբանդյանը սպիտակ ձիու վրա նստած կմնա, չկայացան` մտածելու ժամանակ դեռ կա: ՀՅԴ-ի շուրթերով ասվում է այն, ինչ իշխանությունն ուզում է, բայց չի կարող ասել: Գտած գործ է ազգային ընդդիմության գործը: Բայց մնում է մի «բայց». օրինակ` Նալբանդյանին հանեցին, մադրիդյան սկզբունքներից հրաժարվեցին, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը միակողմանի դադարեցվեցին, ՀՅԴ-ն մի երկու շաբաթ դարձավ հաղթած ընդդիմություն, Վահան Հովհաննիսյանը ռեստորաններում մի երկու անգամ էլ կրակեց, ժողովրդավարությունն էլ Հայաստանում ծաղկեց, որ, իբր, ընդդիմությանն այդքան տեղ են տալիս, իսկ հետո՞: Ի՞նչ հարց է լուծվում: Ղարաբաղի՞: Հայ դատի՞: Թե՞...
Բայց, իհարկե, շաբաթվա կարևորագույն հայտարարության հեղինակի մրցանակը միանշանակ Մեթյու Բրայզային պիտի տրվի: Ըստ արժանվույն: Պարզվում է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների «հայտարարության նպատակն էր աշխարհին ցույց տալ, որ նախագահներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»: Բայց չէ՞ որ հակառակ պարագայում այդ գործունեությունը պարզապես կդադարեցվեր կամ ձևաչափի փոփոխություն կլիներ, կամ` մանդատի: Ի՞նչ կարիք կար ակնհայտը ակնհայտ դարձնել: Իսկ գուցե Բրայզան պարզապես ուզում էր ասել, որ նախագահներն այդքան էլ հիասթափված չեն հակամարտության կողմերից, նրանք ընդամենը դիմում էին իրենք իրենց պաշտոնյաներին, ոչ թե անկախ պետությունների նախագահներին, որ ոչ մի կերպ չեն կարողանում ինչ-որ մի համաձայնագիր ստորագրել...
Երկու նախագահների` մադրիդյան սկզբունքների հրապարակմանը հետևած հանդիպումը, թվում էր, ինչ-որ ձևով պիտի նախորդ հինգ հանդիպումներից տարբերվի: Բայց միայն թվում էր: Երեք ու կես ժամ տևած հանդիպումից հետո նրանք առանց մեկնաբանության հեռացան մոսկովյան «Պրեզիդենտ» հյուրանոցից: Բնականաբար` առանց որևէ դարակազմիկ հետևանքի, այսինքն` համաձայնագրի ստորագրության: Դեմ առ դեմ, հետո արտաքին գործերի նախարարների ընկերակցությամբ անցած հանդիպման շատ պաշտոնական արդյունքը խիստ կանխատեսելի էր` նախագահներն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախապատրաստել իրենց աշնանային հանդիպումը: Այսինքն` այս ամառ հանգստանում ենք, մեզ հանգիստ թողեք: Մնում է ենթադրել, որ հանդիպումը իրոք, անցել է կառուցողական մթնոլորտում: Համենայն դեպս` կառուցողական մթնոլորտում է անցել Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը` երեք նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի բնորոշմամբ` «կայացել է շարունակական, շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են մի շարք բաց մնացած հարցեր»: «Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների չորրորդ հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանի` որպես Մինսկի խմբի անդամի պատրաստակամությունը` առաջիկայում ևս ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ»: Նա նաև Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է հայտնիացրել. «Հակամարտության կողմերին դրսից որևէ դեղատոմս չպետք է թելադրվի, վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է հենց հայերն ու ադրբեջանցիները կրեն: Ռուսաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի լուծման` բոլոր կողմերին բավարարող ցանկացած տարբերակի, իսկ փոխհամաձայնության դեպքում պատրաստ է հանդես գալ կարգավորման երաշխավորի դերում»: Իսկ Մոսկվայի համար «կենսունակ է այն լուծումը, որը թույլ կտա Հարավային Կովկասին վերադարձնել կայունությունն ու անդորրը, իսկ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում կօգնի պահպանել ուժերի պատմականորեն ձևավորված հարաբերակցությունը»: Մեկը լիներ` բացատրեր, թե ի՛նչ է նշանակում «պահպանել ուժերի պատմականորեն ձևավորված հարաբերակցությունը»:
«Ոսկե ծիրանն» ավարտվեց հօգուտ «ՈՒրիշ ափի»` վրացական: Փառատոնն էլ է դառնում սովորություն:
Հուլիսի 19-ին Քրիստոսի պայծառակերպության տոնն էր, հայերեն ասած` Վարդավառը, լրիվ հայերեն` ջրոցին:
Շաբաթվա ընթացքում, իհարկե, եղան շատ ավելի հետաքրքիր այլ իրադարձություններ, բայց ո՞ւմ է տրված գրկել անգրկելին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ